Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Թուրքիային սպառնում է սեպարատիզմը

Թուրքիային սպառնում է սեպարատիզմը
02.07.2017 | 12:45

Դեռ վերջերս փորձագետների դատողությունները, որ Մերձավոր Արևելքի ցնցումների ենթատեքստում հնարավոր է Թուրքիայի մասնատումը, ընկալվում էին իբրև զառանցանք: Հիմա երկրի բաժանման վտանգի մասին խոսում են ոչ միայն փորձագետները: Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստամբուլում երիտասարդների հետ հանդիպմանն ասում էր, որ «այդ խնդրի գաղտնի քննարկումներ այսօր էլ լինում են»: Yeni Çağ-ը գրում էր. «Թուրքերին ներշնչում են, որ իրենց համար Մերձավոր Արևելքը կարող է ավարտվել Գազիանթափում»: Օրերս Hurriyet-ը Will the Middle East map change again հոդվածում, վերլուծելով իրավիճակը տարածաշրջանում, որ ձևավորվում է ասպարեզից ԻՊ-ի հեռանալուց հետո, արձանագրում է. «Ներկա Մերձավոր Արևելքի քարտեզի փոփոխությունները շարունակվում են, շղթայական ռեակցիան չի կանգնեցվել և ոչ ոք չգիտի՝ ինչպես ու երբ կավարտվի»:


Hurriyet-ի կարծիքով՝ հաշվարկը պետք է սկսել այն պահից, երբ «100 տարի առաջ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Մերձավոր Արևելքում սկսվեցին վիթխարի փոփոխություններ», իսկ Օսմանյան կայսրությունը մասնատվեց: Բրիտանական The Economist ամսագիրն արձանագրում է, որ «այն ժամանակ քաղաքական գործիչների նեղ շրջանակը միայն կանխատեսում էր, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքների բաժանումը քարտեզի վրա մատիտներով, որոշակի ներքին ու արտաքին հանգամանքներում նորից Թուրքիան դուրս կբերի աշխարհաքաղաքականության կիզակետ»: Թուրքիայի ներկա սահմաններն ամրագրվել են 1921-ին Կարսի պայմանագրով, որ ստորագրել են Անկարան ու Մոսկվան, 1923-ի Լոզանի պայմանագրով, որ ստորագրել են Անկարան ու Անտանտի երկրները: Դրանից հետո քեմալական Թուրքիան աշխարհաքաղաքական ու քաղաքական իմաստով դուրս բերվեց Մերձավոր Արևելքից՝ որոշարկվելով իբրև «արևմտյան տիպի աշխարհիկ ժողովրդավարություն իսլամական աշխարհում»:

Ստատուս քվոն փոխելու փորձ ձեռնարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իրանում հայտնվեց Մեհաբադական քրդական հանրապետությունը, բայց ռեալ մինչև 1990-ականները Թուրքիան պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը: Փոփոխությունների շրջանի նոր մեկնարկ տրեց տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ագրեսիան 2003-ին Իրաքում, որից հետո այդ պետությունը բաժանվեց երեք մասի և արդիականացավ քրդական խնդիրը: ԱՄՆ փորձագետների գնահատականով՝ շրջանը պետք է ավարտվի քաղաքական քարտեզին նոր պետության՝ Քրդստանի ի հայտ գալով: Այդ տրամաբանությամբ՝ տարածաշրջանը հիմա միջանկյալ փուլում է: 2006-ին վերակենդանացվեց Մեծ Մերձավոր Արևելք հասկացությունը, ուր բացի Մերձավոր Արևելքի ավանդական երկրներից, ներառվեցին Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Կովկասը և կենտոնական-արևելյան շրջանի մի քանի մուսուլմանական երկրներ, նաև հյուսիսային Աֆրիկայի ավանդական մուսուլմանական երկրները: Անկարայի համար քաղաքական եզրաբանության այդ փոփոխությունը ժամանակի մեջ համընկավ նեոօսմանիզմի գաղափարախոսության ի հայտ գալով՝ նախկին Օսմանյան կայսրության սահմաններում ազդեցության վերականգնման փորձերի, որ նշանակում էր ոչ միայն «Մերձավոր Արևելք վերադարձի» գործընթացի սկիզբ, այլև, ինչպես նշեց հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ դե Վիլպենը, «մասնակցություն «տարածաշրջանի գլոբալ միավորմանը»:

Ճիշտ է, եղել է և այլ հայեցակարգ: Խոսվում էր նախ և առաջ ԱՄՆ-ի մտադրության մասին իրականացնել «Ճանապարհային քարտեզը», որը հանգում էր անկայունության աղեղի ստեղծմանը՝ Լիբանանից ու Պաղեստինից մինչև Սիրիա, Իրաք, Իրան, ընդհուպ Պարսից ծոցի սահմաններ և Աֆղանստան (որտեղ ՆԱՏՕ-ի զորակայաններն են): 2011-ին սկսվեց արաբական գարնան ֆենոմենը, երբ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի և Վիլսոնի կենտրոնի աշխատակից Ռոբին Ռայտի կարծիքով՝ «խոսքին գործեր հետևեցին», իսկ Թուրքիան ակտիվորեն ներքաշվեց գործընթացի մեջ, որ կապված էր տարածաշրջանում սահմանների վերաձևման հետ: Հետո սկսվեց սիրիական ճգնաժամը, 2014-ին հայտնվեց ԻՊ-ը: Ռայտը նկատում է, որ ակնհայտ դարձավ՝ «տարածաշրջանում միավորիչ միտումների փոխարեն հաղթում է անջատողականությունը, որ սկզբում կարող է վերածվել դաշնությունների, իսկ կավարտվի լիակատար բաժանումով», ինչպես եղավ Լիբիայում: Կխուսափի՞ դրանից Անկարան, որին առաջ հաջողվում էր «ավտոկրատ միջոցներով արմատախիլ անել իր քրդերի ելույթները» մի իրավիճակում, երբ Իրաքյան Քրդստանը պատրաստվում է անկախության հանրաքվեի, իսկ սիրիացի քրդերը, ունենալով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությունը, կարող են ինքնավարություն ստանալ Սիրիայում: Մեծ հաշվով՝ Թուրքիան սկսում է հասկանալ, որ իր թուրքական ազգայնականությունը պարտություն է կրում նախ և առաջ երկրի ներսում, իսկ նեոօսմանիզմը՝ արտաքին քաղաքականության մեջ:


Ոմանք պնդում են, որ միջազգային իրավունքի տեսակետից անջատողականությունը Մերձավոր Արևելքում իբր ապագա չունի: Սակայն կոնկրետ քաղաքական իրականությունը, երբ այս կամ այն կոնֆլիկտի կարգավորման գործընթացները փակուղի են մտնում և փոխզիջման հնարավոր չէ հասնել, ցույց է տալիս, որ արտաքին խաղացողները կարող են բաժանումը ճանաչել լեգիտիմ: Դա ցույց տվեց Սուդանի բաժանման պատմությունը: Կան տարբերակներ՝ կապված Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման հետ 2008-ի կովկասյան պատերազմից հետո: Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի կարերը կարող են քանդվել և Անդրկովկասում՝ իբրև մերձավորարևելյան ծայրամաս:


Հաղթանակը ԻՊ-ի նկատմամբ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է բերում: Ժամանակին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասում էր. «Տարածքը, որ վերահսկում է ԻՊ-ը, կդառնա ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի վայր, այլ՝ հողերի ու ազդեցության»: Մերձավոր Արևելքում «շշից դուրս են թռել աշխարհաքաղաքական բոլոր ջիները»՝ գրում է թուրքական Yeni Mesaj-ը և «տարածաշրջանը վերածվել է եռացող կաթսայի»: Հայտնի ռուս պատմաբան-արևելագետ Դմիտրի Դոբրովի կարծիքով՝ իրավիճակի գնահատականը հիմնականում հասկանալի է դառնում, եթե արձանագրենք, որ «ուղիղ կամ անուղղակի Օսմանյան կայսրության տրոհման ժամանակների իրադարձությունները այսօրվա շատ կոնֆլիկտների արմատն են»: Նա թվարկում է Պաղեստինի խնդիրը, Կիպրոսի կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմները Լիբանանում ու Սիրիայում, Իրաքի մասնատումը, քրդական պրոբլեմը, ԻՊ-ի հայտնությունը իբրև Լևանտի միասնությունը վերականգնելու փորձ իսլամի հիմքով: Նույնիսկ Սաուդյան Արաբիայի ներկա ագրեսիան Եմենի դեմ կարելի է կապել օսմանյան ժառանգության բաժանման հետ (երկու պետություններն էլ ստեղծվել են օսմանյան Եմեն ու Հիջազ վիլայեթների հիման վրա): Դրան կարելի է հավելել այլ կոնֆլիկտներ, որ վերաբերում են ալավիտներին, ասորիներին, դրուզներին, մերձավորարևելյան քրիստոնյաներին և այլ էթնիկ կրոնական խմբերի, որ եղել են Օսմանյան բազմազգ կայսրությունում: Թուրքիան, շնորհիվ առաջին հերթին աշխարհագրական դիրքի առանձնահատկության և էթնիկ, մշակութային ու կրոնական բազմազանության, Վաշինգտոնի աչքին իրենից ներկայացնում է մաս «ճգնաժամի կամարի», որ ներառում է համարյա ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքը: Այդ տարածաշրջանի պետությունների պրոբլեմն է, որ նույնիսկ այն երկրները, որտեղ չկան ռազմական գործողություններ, անդադար ենթարկվում են «աշխարհաքաղաքական էրոզիայի», որը, կարծես ինչ-որ մեկի գիտակից արտաքին կամքով, կործանում է նրանց սոցիալական ինստիտուտները, կարգուկանոնը և նշանակությունը միջազգային ասպարեզում: Կարող է այնպես ստացվել, որ նոր Վերսալի կամ նոր Յալթայի պահին Մերձավոր Արևելքում չի մնա ոչ մի ուժ, որը ի վիճակի է մասնակցել տարածաշրջանի աշխարհակարգի հաստատման կոնֆերանսներին: Իսրայելի Israel Hayom-ին գրում է՝ տարածաշրջանի որոշ պետություններ ենթադրյալ «միջազգային ճաշի ժամանակ կարող են իրենց տեսնել ոչ իբրև հյուր, այլ՝ միայն մենյուում»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրանում նախագահական ընտրություններից առաջ խոսվում էր Իրանի տրոհման մասին՝ հիմնականում ադրբեջանցիների ձեռքով: Նույն խնդիրն ունի Ադրբեջանը: Սիրիայի ու Իրաքի մասնատումն արդեն փաստ է: Ջիները շշերից դուրս են թռել ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպայում: Պարզապես տարբեր տարածաշրջաններում նույն երևույթը տարբեր անուններ ունի՝ ոմանք անվանում են անջատողականություն, ոմանք՝ ինքնորոշում: Եվ ամեն ինչ բախվում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Նոր Վերսալից կամ նոր Յալթայից առաջ նախ պետք է նոր Հելիսինկի հրավիրել և աշխարհաքաղաքական նոր իրողություններին իրավական ուժ տալ նոր Եզրափակիչ ակտով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ